Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 24-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 272-Ա, 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ 23-Ա և 2025 թվականի մարտի 14-ի թիվ 59-Ա որոշումները, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող, սույն որոշման հավելվածով ըստ լոտերի ներկայացված հողամասերի օտարման նպատակով, 2025 թվականի մայիսի 12-ին, ժամը 11։00-ին, Ախուրյանի համայնքապետարանի շենքում (հասցեն` Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան, Գյումրիի խճուղի, 42 շենք) կազմակերպել աճուրդ:
2.Աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ «Առավոտ» օրաթերթում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքէջում, Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքէջում, Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել հայտարարություն՝ սակարկությունների անցկացման տեղի, օրվա, ժամի, հողամասերի գտնվելու վայրի, չափերի, կադաստրային ծածկագրերի, մեկնարկային գների, նախավճարների չափի, քայլերի չափի, օգտագործման նպատակի, ճանապարհների առկայության, հողերի որակական հատկանիշների, տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումների մասին։
3.Հաստատել հրապարակային սակարկությունների հայտարարության տեքստը համաձայն հավելվածի: