Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 2-Ն որոշման հավելվածի 146-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 147, 148, 149, 150, 151, 152, 153, 154 և 155 կետերով.
147. Համայնքի ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների կողմից բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախաձեռնելու առաջարկությունը՝ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով, ներկայացվում է համայնքի ղեկավարին:
148. Համայնքի ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների առաջարկած այն փոփոխությունների և (կամ) լրացումների վերաբերյալ, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են բյուջեի ելքերը, համայնքի ղեկավարը կազմում և ավագանուն է ներկայացնում իր եզրակացությունը:
149. Համայնքի ղեկավարը իր կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների առաջարկությամբ բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին ավագանու որոշման նախագիծը` կից համապատասխան փաստաթղթերով, համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով:
150. Համայնքի ավագանու անդամները ավագանու նիստից առնվազն մեկ օր առաջ բյուջեում փոփոխությունների և (կամ) լրացումների նախագծի վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում:
151. Համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներն անցկացնում են նախնական քննարկումներ և բյուջեում փոփոխությունների և (կամ) լրացումների նախագծի վերաբերյալ իրենց եզրակացությունները գրավոր ներկայացնում են Համայնքի ղեկավարին:
152. Ավագանու նիստում համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ, որպես հիմնական զեկուցող, հանդես է գալիս առաջարկություն ներկայացնողը:
153. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին նախագիծն ավագանու նիստում քննարկվում է համայնքի բյուջեի նախագծի քննարկման համար սահմանված կարգով։
154. Համայնքի ավագանու քննարկումից հետո, քվեարկության է դրվում Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին ավագանու որոշման նախագիծը։ Քվեարկությունն իրականացվում և համապատասխան որոշումն ընդունվում է սույն կանոնակարգով սահմանված կարգով։ Ավագանու որոշումն ընդունվում է նիստին ներկա ավագանու անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
155. Համայնքի բյուջեի փոփոխությունները և (կամ) լրացումները, ավագանու հաստատումից հետո, հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
|