Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
06/02/2014
Ախուրյանին օգնության են հասնում ներդրումային ծրագրերը


Շիրակի մարզի ամենամեծ գյուղական համայնքում թեեւ ամեն տարի 100%-ով ապահովում են սեփական եկամուտների հավաքագրումը, այնուամենայնիվ, առկա խնդիրների մեծ մասն այդպես էլ չի հաջողվում լուծել, եթե օգնության չեն հասնում ներդրումային ծրագրերը: Համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի փոխանցմամբ՝ սեփական բյուջեի հաշվին իրենք ծրագրեր կարող են իրականացնել, սակայն ավելի արդյունավետ են ներդրումային եղանակով՝ հիմնադրամների կամ կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերը:

Պետական դոտացիան հիմնականում տրամադրում են աշխատավարձերին: Ախուրյանի համայնքապետարանի ենթակայության տակ գործող կազմակերպություններում շուրջ 150 հոգի է աշխատում: 2014թ·-ին պետությունից տրվող դոտացիան ավելացել է՝ կազմելով 129 մլն դրամ անցած տարվա 108 մլն դրամի դիմաց:

Մոտ 10 հազար բնակիչ ունեցող Ախուրյան համայնքում անձրեւից ու արեւից պաշտպանվելու համար չկան պատշաճ տեսքի ու նորմերին համապատասխանող կանգառներ:

«Հետք»-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նկատեց, թե 1996թ·-ից պաշտոնավարող Արծրուն Իգիթյանը, եթե ամեն տարին գոնե մեկ կանգառ տեղադրեր, ապա դրանց թիվը կհասներ 17-ի ու դա լիովին բավարար կլիներ: Համայնքի ղեկավարը նախկինում էլ տարբեր առիթներով նշել էր, որ եթե Ախուրյանի խճուղու երկարությամբ տեղադրվի 15-17 սպասարան, ապա խնդիրը լուծված կարելի է համարել:

Մեկ ու կես տարի առաջ, որպես օրինակելի տարբերակ, 462 հազար դրամով վերանորոգվեց դեռեւս խորհրդային տարիներից պահպանված կանգառներից մեկը: Համայնքապետի փոխանցմամբ` թեեւ դա մի փոքր թանկ հաճույք է, սակայն ավելի երկար կյանք կունենա: Գյուղական համայնքներում մոտ 400 հազար դրամի շրջանակներում տեղադրվող թիթեղյա սպասարանները, ըստ Իգիթյանի, իրենց որակով ու տեսքով զիջում են Ախուրյանի հնամյա սպասարաններին:

«Անցած տարի էինք նախատեսել 2 մլն դրամի շրջանակներում վերականգնել կանգառները, բայց մրցույթը ոչ մի կազմակերպություն չշահեց, քանի որ պահանջած գինը բարձր էր մեր առաջարկածից»,- նշեց Արծրուն Իգիթյանը՝ հավելելով, թե նոր կանգառների տեղադրման անհրաժեշտություն չի տեսնում, եղած հինն էլ է բավական, եթե կարողանան նորոգել: Ախուրյանի տարածքում համայնքապետի նշած հին կանգառները 10-ն են, սակայն եւս 2-3 նոր կանգառներ տեղադրելու անհրաժեշտություն կա՝ հատկապես մարդկային մեծ հոսք ունեցող հատվածներում:

Անցած տարի ներդրումային ծրագրի հաշվին նորոգվել է համայնքապետարանի մերձակա տարածքում գտնվող շատրվանը, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, ստեղծվել է մանկական խաղահրապարակ, ամբողջությամբ վերականգնվել է կանաչ գոտիների համար նախատեսված ոռոգման ցանցը: Համայնքապետի խոսքով՝ ցանկություն կա տարածքը վերածելու հանգստի գոտու: Ծրագիրն իրականացվել է «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպության հետ 14 մլն դրամի շրջանակներում, որից 4 մլն-ը համայնքի ներդրումն է: Նույն կազմակերպության հետ իրականացվում է նաեւ նոր աղբամաններ ձեռք բերելու ծրագիր: Այս տարի արդեն եղած աղբամանների թիվը կավելանա 21-ով` խոստացավ համայնքապետը:

2013թ·-ին 2,5 մլն դրամի սահմաններում մշակույթի տան համար ձեռք է բերվել ձայնային հզոր տեխնիկա «Քունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության շնորհիվ: «Բոյաջյան» հիմնադրամի աջակցությամբ` 1,5 մլն դրամի շրջանակներում մանկական խաղեր են տեղադրվել «Առաջին քայլեր» մանկապարտեզի բակում, իսկ տանիքին` արեւային տաքացուցիչ: «Շեն» հասարակական կազմակերպության աջակցությամբ` համայնքապետարանում ստեղծվել է համակարգչային սենյակ, որից համայնքի բնակիչները անվճար կարող են օգտվել:

Անցած տարի 15 մլն դրամ սեփական եկամուտներից տրամադրվել է ճանապարհաշինությանը՝ ասֆալտապատվել է գերեզմաններ տանող 550 գծամետրից 200-ը, որի համար ծախսվել է 4 մլն դրամ, իսկ մնացած գումարը ծախսվել է 70 հազար քմ հարթեցման աշխատանքների իրականացման նպատակով: Ախուրյան համայնքում առկա երկու հակակարկտային կայաններին անցած տարի ավելացել է եւս մեկը: Անհրաժեշտ 11 մլն դրամը տրամադրվել է համայնքի բյուջեից:


ՀԵՏՔ
Յուլիա Գրիգորյան

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner